Ադրբեջանի նախագահական ընտրությունները ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին տեղյակ եմ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրությունները կես տարով առաջ բերելու հարցը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։

Սերժ Սարգսյանն ասաց, որ չի կարծում, թե դա է իրական պատճառը։

«Չեմ հավատում, թե Ադրբեջանում հանկարծ անհագուրդ ցանկություն է առաջացել ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծելու: Նախկինում` նախորդ տարիներին, Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ կարող ենք խոսել կորցրած հնարավորությունների մասին: Անկախ նրանից՝ նախագահական, թե խորհրդարանական կլինեն ընտրությունները, արտահերթ կլինեն, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն մեկ պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների նկատմամբ»,- շեշտեց նախագահը։

Սերժ Սարգսյանի խոսքով` մինչև Ադրբեջանում այդ մոտեցումից չհրաժարվեն,
շարունակեն մնալ անուրջների գրկում, զառանցեն Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»։

Նախագահը հիշեցրեց, որ ինքը բազմիցս հայտարարել է` Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների ներքո բանակցություններն ինտենսիվացնել, լարվածությունը թուլացնել, հասնել խնդրի լուծմանը:

«Բայց մեր ասածները դեռ մնում են ցանկություններ»,- ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ադրբեջանական ԶԼՄ-ները աղավաղում են Բուլղարիայի պաշտոնական մոտեցումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում, ապա նախագահն այսպես արձագանքեց.

«Ես պարոն նախագահին շնորհակալություն եմ հայտնել հավասարակշռված դիրքորոշման համար: Բուլղարիան միշտ սատարել է ԵՄ դիրքորոշումը, միշտ կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը: Հասկանում եմ, թե ինչու է նման հարց առաջացել ձեզ մոտ: Պատճառն այն է, որ նախագահի` Բաքու կատարած այցից հետո Ալիևը շնորհակալություն հայտնեց նրան Բուլղարիայի դիրքորոշման համար։ Դա պրովոկացիա է, որին մենք չենք ենթարկվում, մենք վստահում ենք մեր բարեկամներին»:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթում հստակ կան ձևակերպումներ, հակամարտության լուծման տեսլականներ, ինչը ԵՄ անդամ երկրները վավերացնելու են, իսկ սա նշանակում է, որ ԵՄ անդամ երկրներում փաստաթուղթը ստանալու է օրենքի ուժ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ