Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել այսօր` փետրվարի 13-ին տեղի ուենցած միջադեպի կապակցությամբ, երբ ավագանու ՀՀԿ-ական տղամարդ անդամները քաշքշել եւ հարվածներ էին հասցրել «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամներին։ Երեւանի քաղաքապետարանն, իհարկե, մեղադրում է ընդդիմադիր խմբակցությանը։

«Երեւան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երեւանցուն եւ, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ եւ ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:

Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաեւ նիստին մասնակից ավագանու այլ անդամների եւ աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երեւանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երեւանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երեւան քաղաքում, թե՛, առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երեւանցուն»,- ասվում է Երեւանի քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ