Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 20։00-ի դրությամբ, երբ փակվել են ընտրատեղամասերը, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։

Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան, Արմավիրի մարզի Դաշտ, Մեծամոր, Ծաղկալանջ, Լոռիի մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Կոտայքի մարզի Հացավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում, արտահերթ ընտրություններ` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:

Արագածոտնի մարզի Դդմասար գյուղում գրանցված միակ թեկնածուն՝ Ռաշիդ Օսեյանը, ըստ նախնական արդյունքների, համայնքի ղեկավար է ընտրվել 35 կողմ և 3 դեմ ձայներով: 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում էլ գրանցված է եղել մեկ թեկնածու՝ Ռազմիկ Ալավերդյանը, ով ընտրվել է բավական շատ՝ 200 դեմ ձայների պարագայում, իսկ 51 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Լոռու մարզի Դեբետ համայնքում համայնքապետ է ընտրվել անկուսակցական Աշոտ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին 4 թեկնածուներ՝ անկուսակցական Աշոտ Ղազարյանը, ԲՀԿ-ն ներկայացնող Յուրիկ Նազլուխանյանը, ՀՀԿ-ական Կամո Պետրոսյանը եւ ՀՅԴ կուսակցության անդամ Արայիկ Սարգսյանը:

Ընտրության իրավունք ունեցող 655 բնակչից ընտրությանը մասնակցել են 487-ը: Քվեների գերակշռող մասը՝ 153 ձայն, ստացել է Աշոտ Ղազարյանը, 86 ձայն՝ Յուրիկ Նազլուխանյանը, 134 քվե Կամո Պետրոսյանը եւ 107 ձայնը ստացել է Արայիկ Սարգսյանին:

Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում էլ միակ թեկնածու Էդվարդ Միրզոյանը համայնքի ղեկավար է ընտրվել 315 կողմ և 1 դեմ ձայներով:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ