Արցախի հետ հարաբերությունները կունենան նոր դրսևորումներ և ես հույս ունեմ, որ նոր շունչ կտրվի Արցախի միջազգային ճանաչմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բոլորս համոզվեցինք, որ Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն: Այդ խնդիրները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք հանդիպում ենք ունեցել ՊԲ-ում բարձրագույն հրամկազմի հետ, նաև ՊԲ հրամանատարի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ: Ես լսել եմ նրանց զեկույցները: Մենք պայմանավորվել ենք, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ»,-հայտարարեց Փաշինյանը:

Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է գործադրվեն, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Պետք է նախ պատասխանել մի հարցի, ուզո՞ւմ ենք լուծել խնդիրը, թե չենք ուզում: Եթե Ադրբեջանը կամ միջազգային հանրություն ուզում են լուծել հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այն չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը բանակցություններին չի մասնակցում: Սա պրագմատիկ հարց է, ոչ թե զգացմունքային: Արցախի անունից կարող է խոսել միայն Արցախի իշխանությունը:

Հայաստանը ևս հակամարտության կողմ է և լիարժեք կխոսի իր անունից: Ես պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Արցախի նախագահի»:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ