Կառավարության նիստին այսօր՝ մայիսի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ծառայողական մեքենաներին:

«Ժամանակակից աշխարհում տարբեր այլ լուծումներ կան այս հարցով։ Դրանք բոլորը պետք է գույքագրել ու լուրջ կրճատումներ անել։ Պետք է զբաղվել այս հարցով ու առաջարկներ ներկայացնել»,-ասաց Փաշինյանը:

Իր հերթին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ուսումնասիրել է խնդիրը. «Պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ու սա ծախսերի ավելորդ վատնում է։ Առաջին փոխվարչապետի հաշվեկշռում կա հինգ մեքենա, մենք երեքից հրաժարվել ենք, իսկ երկուսի նպատակահարմարությունը կքննարկենք։ Բոլոր նախարարություններում այս հարցը պետք է վերանայել և խնդրում ենք` կոնտակտ հաստատել փոխվարչապետերի հետ»,-ասաց նա:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր կողմից նաև ավելացրեց. «Գործուղումների հարցը ևս պետք է վերանայել, քանի որ դրանք երբեմն վերածվում են նաև տուրիստական շրջագայությունների»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր կողմից ավելացրեց. «Այս հանձնարարականները պետք է ուղղել պետգույքի վարչությանը, որ միասնական հարցը քննարկվի, քանի որ նպատակահարմար չէ նիստի ժամանակ նման տեխնիկական հարցեր լուծել»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ պետք է միասնական մոտեցում ցուցաբերել բոլոր նախարարությունների նկատմամբ:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ