Մենք պետք է շատ լուրջ աշխատենք, որպեսզի վիճակագրության կոմիտեի և ընդհանրապես Հայաստանում պաշտոնական վիճակագրության մակարդակը ավելացվի, որովհետև սա չափազանց կարևոր հարց է, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, գործող օրենսդրությունն ու տրամաբանությունը հուշում են, որ վիճակագրությունը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից, և մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել, և մենք սրա մեջ շանս ենք տեսնում՝ կոմիտեն նույնը թողնելով՝ ստեղծել իրավիճակ, որ կոմիտեն բալանսավորված լինի, այսինքն՝ իսկապես կոմիտեի լիարժեք անկախություն ապահովվի, որովհետև սա օգտակար է նաև կառավարության համար», — ասաց վարչապետը:

Վերջինս, դիմելով կոմիտեի նոր նախագահին, հույս հայտնեց, որ այս խնդիրը կլուծվի:

«Եկեք ուղիղ նայենք փաստերին և արձանագրենք, որ հանրությունը միշտ չէ և շատ հաճախ կասկածի տակ է դնում վիճակագրության կոմիտեի ոչ թե թվաբանությունը, այլ բովանդակությունը: Շատ կարևոր է, որ ճշգրիտ ազդակներ ունենանք, և մեր մտքում չլինի հարց՝ այսպես է, թե ոչ» , -նշեց նա:

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձագանքեց՝ ասելով, որ կփորձի արդարացնել սպասելիքները:

«Եթե ազատական տնտեսակարգով երկրներում վիճակագրության հրապարակումից հետո քննադատություն չեղավ, նշանակում է, որ մենք արթնացել ենք կամ խորհրդային միությունում 1937 թ-ին, կամ ժամանակակից Հյուսիսային Կորեայում, որովհետև իրականությունն այն է, ինչին բոլորն են նայում, ոչ թե այն, ինչ յուրաքանչյուրն է տեսնում: ԱՎԾ կայքէջում տեղադրված է մի փաստաթուղթ, որը կոչվում է պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության պակասի օբյեկտիվ պատճառները: Ես հիմա չեմ հասցնի դա ասել, կառաջարկեմ, եթե հնարավորություն կա, դիտարկել», — ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ եթե այսքան անկեղծացել են, մի բան էլ ինքն ասի:

«Արևմտյան երկրներից մեկի վարչապետը այսպիսի արտահայտություն է արել՝ կա սուտ, կա լկտի սուտ, և կա վիճակագրություն: Ես հույս ունեմ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն մեզ բոլորիս կհանի այդ տրամաբանությունից: Սա ընդամենը հումոր է, ես հուսով եմ, որ ձեզ որևէ բանով չնեղացրի, դա ես չեմ ասել, դա իրենց վիճակագրության մասին է եղել», — ասաց վարչապետը:

Իսկ Ստեփան Մնացականյանն էլ ասաց, որ երբ ձևավորվեց ՄԱԿ-ը, որոշվեց, որ պետք է ստեղծվի վիճակագրական ծառայություն, որ ողջ աշխարհում նույն մեթոդաբանությամբ գործի:

«Դրա համար էլ ընդունված է հետևյալ թեզը, որ վիճակագրագետների համար երջանկությունը հաստատված լինելն է», — ասաց նա:

«Մենք ձեզ երջանկություն ենք մաղթում», — ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ