Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանը դարձել են ժողովրդական հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության հիմնական հենասյուները:
ԱԱԾ-ն վերջին մի քանի շաբաթների ընթացքում կարողացել է հստակ հասկացնել բոլորին, որ Հայաստանում այլևս չի հանդուրժվելու կոռուպցիան, թալանը և անօրինականությունը:
ԱԱԾ գործողությունները ցավոտ են լինելու նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների համար: Նրանք երկար տարիներ սովորել էին անպատիժ խախտել օրենքներ, թալանել պետական միջոցները, հարստահարել ժողովրդին:
Նախկին իշխանության այն ներկայացուցիչները, որոնք հանցավոր գործունեություն են ծավալել՝ կորցնելու շատ բան ունեն ու հասկանալի է, որ կլինեն նաև օրինական իշխանության գործողությունների դեմ ուղղված հակազդման քայլեր, որոնց միջոցով նրանք կփորձեն ազատվել պատասխանատվբությունից:
Այս մտահոգությունների մասին խոսել է նաև ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Երեկ նա լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ որոշ խմբեր մահափորձ են պլանավորում. «Մենք ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, բայց չի ստացվի, նույնն էլ վարչապետի հետ, բայց կարծում եմ՝ ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ ինչ-որ քայլեր անել»,-ասել է Վանեցյանը:
Վարչապետ Փաշինյանի և ԱԱԾ պետ Վանեցյանի դեմ մահափորձ պլանավորող խմբերը պետք է գիտակցնեն, որ նման քայլը չի մարսվի: Նրանք պետք է իրենց մտքից հանեն այդ պլանները և պատրաստվեն կանգնել դատարանի առաջ ու պատասխանատվություն կրել իրենց իրականացրած հանցագործությունների համար: Սա նրանց համար միակ լավագույն ճանապարհն է:

Politik.am

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ