Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Դրանով նախատեսվում է համաներել վարչական մի շարք տուգանքներ, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկությանը:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ 13.7 մլրդ դրամի է հասնում զիջվող գումարը:

Խոսքը վերաբերում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ նշանակված վարչական մի շարք տուգանքների: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պարզաբանեց՝ խոսքը չի վերաբերում բոլոր իրավախախտումներին: Պետհամարանիշը ուրիշին տրամադրելը, հարբած վիճակում վարելը և մի շարք սուր իրավախախտումներ չեն ներառվել զիջվող տուգանքների ցանկում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ավելի լավ կլինի, եթե մենք մեր ընդհանուր վարքագիծը փոխենք դեպի օրինապահություն, չնայած մենք գիտենք, որ տեսախցիկների ու արագաչափերի հետ կապված խնդրներ կան: Հիմա Ոստիկանությունը Արդարադատության նախարարության հետ հանատեղ մշակում է օրենքի նախագիծ, փոփոխությունները որոշակիորեն կթեթևացնեն քաղաքացիների տուգանքային բեռը, բայց միաժամանակ էականորեն կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը: Մեր քաղաքականությունն այն չէ, որ բոլորն ազատվում են բոլոր տուգանքներից, և ով որտեղ ու ոնց ուզի, ավտոմեքենա կվարի: Մենք ասում ենք, որ գործող համակարգն ավելի շատ ֆիսկալ նշանակություն ունի, քան թե երթևեկության անվտանգության ապահովման: Եվ մենք հստակ քաղաքականություն ենք որդեգրում, որ մեր օրենսդրության նպատակը պետք է լինի երթևեկության կարգապահությունը բարձրացնելը”:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ