Երեկ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը:

Նադեժդա Սարգսյանի մահվան բոթը ցավով էին ընդունել բոլոր նրան ճանաչողները, նրա ուսանողները, մտերիմներն ու ընկերները: Հոգեհանգստի արարողությանը ներկա էր Նադեժդա Սարգսյանի ամենամտերիմ ընկերուհիներից՝ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանը: Սյուզան Մարգարյանն ասաց, որ 40 տարվա ընկերություն են ունեցել, բազմաթիվ լավ եւ վատ օրեր են միասին անցկացրել, եւ որ մոռանալ պարզապես անհնար է:

«Կան մարդիկ, որոնց հետ մահը կապ չունի, Նադյան այդ տեսակներից էր, աննկարագրելի պայքարող էր: 8 տարի կրեց իր մեջ այդ սարսափելի հիվանդությունը, բայց մի այսպիսի հատկություն ուներ, չէր ուզում երբևէ որևէ մեկը նկատեր իր թուլությունը կամ տկարությունը, իր վիճակը չէր ուզում, որ նկատեին: Ինչքան հարցնում էինք, ասում էր՝ լավ եմ, ես շատ լավ եմ, ինձ ի՞նչ է եղել, ես հաղթելու եմ այս հիվանդությանը»,- պատմեց Սյուզան Մարգարյանը: Նշեց, որ անգամ պահեր են եղել, որ ուրախությունից ու վախից ինքն է սաստել Նադեժդա Սարգսյանին, որ վերջինս քիչ բարձրաձայնի իր լավ լինելու մասին: «Ասում էի՝ չափավոր ասա, վախենում էի, այդ պահերին մի տեսակ սնահավատություն է մարդուն պատում»:

Վերջինս ապշած էր, թե ինչպես է ծանր հիվանդ պառկած վիճակում էլի փորձել կամքի ուժ դրսևորել: «Իր տեսակը, խառնվածքը ուրիշ էր, ինքը պիտի լիներ ուշադրության կենտրոնում, ինքը պիտի ինչ-որ տրամադրություն ստեղծեր: Բոլորս գիտենիք՝ ինչ է սպասվում, բայց միևնույն է՝ չէինք հավատում: Չէինք կարողանում իր մասին առանց ծիծաղի, առանց արկածները հիշելու խոսել»,- ասաց Սյուզան Մարգարյանը:

Վստահություն հայտնեց, որ երջանկահիշատակ ընկերուհին իր տեսած մարդկանցից ամենաուժեղն էր. «Իրոք, ուժեղ էր, ես չգիտեմ նման ախտորոշմամբ մարդիկ ինչքան են ապրում, համենայնդեպս: Դեռ էն սկզբնական ժամանակ, երբ ես բժշկի հետ խոսեցի, ասաց՝ կներես վատ բան եմ ասելու ու հայտնեց հիվանդությունը: Բայց ժամանակն անցնում էր, ու ես մտածում էի՝ այս ինչ է, հրաշք է կատարվում, բժիշկներն էլ են սխալվում: Փառք աստծո, որ տեսավ իր միակ զավակի ամուսնությունը, երջանկությունը, տեսավ թոռնիկներին, ուրախալի պահեր շատ ունեցավ, ուղղակի շատ լավ կլիներ, որ կարողանար ապրել ու լիաթոք վայելել»:

Սյուզան Մարգարյանն ասում է՝ Նադեժդա Սարգսյանը աշխատանքի մարդ էր՝ հենց սկսում էր գործից խոսել, զարթնում էր, առողջանում էր, առույգանում: Շատ դժվար է եղել վերջին օրերին, երբ թվում էր, թե գիտակցում է, բայց ահռելի հավատ է ունեցել մինչև վերջ: «Մահվանից ընդամենը երեք օր առաջ երգ էր բեմադրում, նայում էր «Եվրատեսիլ»-ի համար ինչ պիտի արվի, ինչպես պիտի արվի: Ձեռքերը չէր բարձրացնում, բայց պարը ցույց տալիս ոնց էր բարձրացրել ու ցույց էր տալիս: Ես գիտեմ, որ կան նման մարդիկ, որ նման մեծ հավատ ունեն: Նադյան էլ չէր կոտրվում, չէր ուզում իր թուլությունը երևար»,-ասաց Սյուզան Մարգարյանը:

Շատ մեծ կորուստ է, ոչ միայն մտերիմների, այլև հայ ազգի համար, որովհետև շատ անելիք ուներ: «Ինձ վերջերս հարցրեցին, թե ինչ կիսատ թողեց Նադյան, ես ասացի, որ եթե անգամ 100 տարի ապրեր, միևնույն է՝ նա այն տեսակն էր, որ կիսատ էր թողնելու: Նա գտնում էր, կարողանում էր իր համար գտնել, ուներ իր թեմաները, իր ասելիքը, անելիքը: Կարողանում էր թե՛ ուսանողների հետ, թե՛ բոլորի:

Պատմում է, որ առօրյա կյանքում պահանջկոտ չէր, բայց գործի մեջ էր պահանջկոտ: Կարող էր բորբոքվել, իրենից դուրս գալ, բայց հետո շուտ փոշմանել: Իրեն չիմացողը կարող էր ասել, որ կռվարար է: «Երևի այդ պահանջկոտությունը նրանից էր, որ շատ էր էներգիա տալիս եւ պահանջում էր, հետաքրքիր տեսակ էր, վառ գույն էր: Մեր կողքին է այսօր մեր վաղամեռիկ ընկերուհու՝ Անժելիկա Թոփալյանի դուստրը, ցավոք սրտի հերթով հեռանում են մեզնից՝ Անժելիկան, Էլվինան Մակարյան, Վարդուհին Վարդանյան, չգիտեմ, շատ դժվար է»,- եզրափակեց Սյուզան Մարգարյանը:

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ